ԱՄՆ Պետդեպ 2010
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶԵԿՈՒՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՄԱՍԻՆ, 2010 Թ. ՀԱՅԱՍՏԱՆ (ԽՈՒՄԲ 2)
Հրատարակվել է 14 հունիսի, 2010թ.
Ոչ պաշտոնական թարգմանություն
Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր` կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար: Սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք փոխադրվում են Միացյալ Արաբական Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, և հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում: Երկրի ներսում տղաները ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները` հարկադիր մարմնավաճառության: Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք:
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: 2010թ. հունվարից գործողության մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն ավելացել է թրաֆիքինգ իրականացնողների համար սահմանվող նվազագույն պատժաչափը`դառնալով 5 տարվա ազատազրկում, սահմանվել է դատապարտված թրաֆիքինգ իրականացնողների գույքի բռնագրավման հնարավորությունը, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով իրականացված հանցանքների համար: Թեպետ 2009թ. թրաֆիքինգի զոհերի աջակցության համար կառավարությունը միջոցներ չի տրամադրել, սակայն 2010թ. մարտին մոտ 15 000 ԱՄՆ դոլար գումար է հատկացվել հասարակական կազմակերպության կողմից շահագործվող ապաստարանին` տարածքի վարձակալության համար: Կառավարությունը շարունակել է իրականացնել թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգը, և նախորդ տարվա համեմատ շուրջ երկու անգամ ավելացել է բացահայտված զոհերի թիվը: Կառավարությունը համեստ առաջընթաց է ցուցադրել թրաֆիքինգի հետ կապված պաշտոնեական հանցակցության դեմ պայքարի ասպարեզում, սակայն դեռ ավելին պետք է արվի պաշտոնեական հանցակցության մեջ կասկածվող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Առաջարկներ Հայաստանին. տրամադրել ֆինանսավորում զոհերին աջակցություն ցուցաբերող ՀԿ-ներին. խստորեն հետաքննել և քրեական հետապնդում իրականացնել և դատապարտել թրաֆիքինգի հանցակից պաշտոնյաներին. ավելացնել աջակցության համար ծառայություններ մատուցող ՀԿ-ներ ուղղորդվող զոհերի թիվը. դիտարկել ՀԿ-ների հետ գործընկերություններ ձևավորելու հնարավորությունը, որը թույլ կտա, որպեսզի ՀԿ-ները կանոնավոր կերպով աջակցեն իրավապահներին զոհերի նույնականացման հարցերում. շարունակել բարելավել ջանքերը թրաֆիքինգ իրականացնողների դեմ հարուցված գործերում պետական մեղադրողի կողմից վկա հանդես գալու համաձայնություն տված վկաների
պաշտպանության հարցում. շարունակել զոհերին տրամադրել իրավականորեն սահմանված աջակցություն (բժշկական, իրավաբանական օգնություն, առաջնային կարիքներ և ապաստարան) զոհերի աջակցության բոլոր համապատասխան փուլերում. շարունակել թրաֆիքինգ իրականացնողների մեծամասնության համար ազատազրկման տեսքով պատիժ կրելու ապահովումը. ապահովել, որ հակաթրաֆիքինգային ծրագրերի ու զոհերի աջակցության համար նախատեսվող ֆինանսական միջոցները ծախսվեն ինչպես դա նախատեսված է ծրագրերով. շարունակել սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հարցերի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու աշխատանքները:
Քրեական հետապնդում
Զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներն ավելացել են, սակայն պաշտոնեական հանցակցության վերաբերյալ նախկինում հնչեցրած մեղադրանքներով քրեական հետապնդում իրականացնելու ջանքեր ի ցույց չեն դրվել: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-1 հոդվածներով արգելվում է մարդկանց թրաֆիքինգը թե հարկադիր աշխատանքի, թե կոմերցիոն սեռական շահագործման նպատակով, իսկ քրեական օրենսգրքի 2010թ. հունվարի փոփոխություններով թրաֆիքինգի իրականացման համար սահմանվում է նվազագույնը 5 տարվա ազատազրկում, առավելագույնը` 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խստության և համարժեք պատիժ է ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: Կառավարությունը հետաքննել է թրաֆիքինգի 15 գործ, որից 9-ը սեռական թրաֆիքինգի, իսկ 6-ը` աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր էին (2008թ. քննվել է 13 գործ): Զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի դատարաններում 12 թրաֆիքինգի գործերով հետապնդում է իրականացվել 19 թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ, ընդ որում 2008թ. դատական վարույթ է իրականացվել 8 հոգու դեմ: 2008թ. 4 հոգու համեմատ, 2009թ. դատապարտվել է 11 հոգի, ընդ որում 8 հոգի սեռական թրաֆիքինգի, իսկ 3 հոգի աշխատանքային թրաֆիքինգ իրականացնելու համար: 2009թ. ընթացքում դատապարտված բոլոր 11 թրաֆիքինգ իրականացնողներն էլ դատապարտվել են ազատազրկման. Տարվա ընթացքում ոչ մի թրաֆիքինգ իրականացնող պայմանական ազատազրկման չի դատապարտվել: Չորս հոգի դատապարտվել են 3-5 տարի ազատազրկման, իսկ մնացած 7 հոգին դատապարտվել են 7-13 տարվա ազատազրկման: Արտաքին կառույցների հետ կառավարության հակաթրաֆիքինգային համագործակցության արդյունքում մոտ 447 պետական պաշտոնյաներ մասնակցել են հակաթրաֆիքինգային դասընթացների` կազմակերպված հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և ՀՀ կառավարության կողմից տարաբնույթ հակաթրաֆիքինգային թեմաներով, այդ թվում` Հայաստանի հակաթրաֆիքինգային օրենսդրության ու ուղղորդման ազգային կարգի կիրառման, հետաքննության մեթոդների ու եղանակների, հարկադիր աշխատանքի թեմաներով:
Չնայած թրաֆիքինգի հետ կապված պաշտոնեական հանցակցության դեպքերի վերաբերյալ նոր հաղորդումներ վերջին տարվա ընթացքում չեն եղել, կառավարությունը սոսկ համեստ առաջընթաց է ցուցադրել 2006թ.-ի լավ փաստագրված կոռուպցիոն գործի վերաբացված քննության առումով: 2008թ. երկու դպրոցականների մուրացկանության դրդելու մեջ մեղադրվող հատուկ դպրոցի նախկին փոխտնօրենի գործի դատական վարույթը զեկույցի ժամանակահատվածի ավարտին դեռ ընթացքի մեջ էր:
Պաշտպանություն
Զեկույցի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը տարբեր կերպ է գործել թրաֆիքինգի զոհերի պաշտպանությանն առնչվող հարցերում: Կառավարությունը չի հատկացրել 2009թ. զոհերի աջակցության համար նախատեսված ֆինանսավորումը, սակայն 2010թ. մարտին ստորագրել է համաձայնագիր տեղական ՀԿ-ի հետ, որով հոգում է ապաստարանի վարձակալության ծախսերը 2010թ. փետրվարից դեկտեմբեր ժամանակահատվածում: 2009թ. սեպտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով զոհերի համար երաշխավորվում է անվճար բուժօգնություն պետպատվերի շրջանակում. Զեկույցի ժամանակահատվածում նման բուժօգնություն ցուցաբերվել է երկու զոհերի: Կառավարությունը շարունակել է ազգային ուղղորդման կարգի իրականացումը: 2010թ. մարտին կառավարությունը փոփոխություններ կատարեց ազգային ուղղորդման կարգում` երկարաձգելով նախնական նույնականացումից հետո զոհերին տրամադրվող պետական աջակցության ու ապաստարանի տրամադրման ժամկետը` 7 օրից հասցնելով 30 օրվա. հետագա աջակցությունը կախված էր իրավապահների հետ քննության շուրջ համագործակցությունից: ՀԿ-ները մտահոգություն էին հայտնում, որ ազգային ուղղորդման կարգում զոհերին աջակցելու համեմատ անհամամասնորեն մեծ է թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ հետապնդում իրականացնելու շեշտադրումը: Զեկույցի ժամանակահատվածում կառավարության կողմից բացահայտված զոհերի թիվը զգալիորեն ավելացել է. 2009թ. բացահայտվել է 60 զոհ և աջակցության համար ՀԿ-ներ են ուղղորդվել 22-ը, մինչդեռ 2008թ. բացահայտվել է 34 և աջակցության համար ուղղորդվել է 20 զոհ: Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների կողմից 2009թ. աջակցություն է ցուցաբերվել 26 զոհի, իսկ 2008թ.` 24 զոհի: Զոհերի համագործակցությունն իրավապահների հետ խրախուսվել է. 2009թ. բոլոր 60 զոհերն էլ թրաֆիքինգի գործերի քննության ընթացքում աջակցել են ոստիկանությանը: ՀԿ-ների հաղորդմամբ նաև մեծացել է դատավորների ու դատախազների նրբանկատությունը զոհերի իրավունքների հանդեպ: Հայաստանում բացահայտված թրաֆիքինգի օտարերկրացի զոհերին թույլ է տրվել մնալ երկրում և աշխատել տեղի տնտեսությունում: 2009թ. նոյեմբերին ընդունվեց օրենսդրական փոփոխություն, որով թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով իրականացված հանցանքների համար. զեկույցի ժամանակահատվածում նման հանցանքների համար զոհերին պատժելու մասին հաղորդումներ չեն գրանցվել: Շարունակում էր մտահոգիչ մնալ զոհերի և վկաների պատշաճ պաշտպանության բացակայությունը. հնարավոր է, որ սա խոչընդոտեր քրեական հետապնդումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:
Կանխարգելում
ՀՀ կառավարությունը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում պատշաճ ջանքեր է գործադրել, մասնավորապես` զեկույցի ժամանակահատվածում իրազեկման խորացման աշխատանքների միջոցով: 2009թ. Միգրացիայի գործակալությունն արտերկրում աշխատանք փնտրող հայաստանցիների համար իրավական գործընթացները պարզաբանող 100 000 գրքույկների ու տեղեկատու թերթիկների հրատարակման և տարածման համար հատկացրել է 8 000 ԱՄՆ դոլար: Այս նյութերը բաժանվել են արտագնա աշխատանքի մեկնողներին Երևանի օդանավակայանում, ինչպես նաև զբաղվածության կենտրոններում ու սոցիալական ռեսուրսային կենտրոններում: Կառավարությունը նաև 20 000 ԱՄՆ դոլար է հատկացրել երիտասարդության շրջանում մարդկանց թրաֆիքինգի վտանգի մասին իրազեկվածության մեծացմանն ուղղված արշավի կազմակերպման համար: Արշավի շրջանակում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց հեռուստակամուրջ թրաֆիքինգի վտանգների վերաբերյալ, ինչպես նաև եղան մարզային աշխատաժողովներ, որի ընթացքում երիտասարդ լիդերներին ներկայացվեցին թրաֆիքինգի վտանգները, իսկ հետո նրանք այդ տեղեկությունները փոխանցում էին մյուս հասակակիցներին: Սահմանապահները չէին հետևում ներգաղթի և արտագաղթի օրինաչափություններին` կոնկրետ թրաֆիքինգի փաստեր հայտնաբերելու համար, և կառավարությունը տեսանելի ջանքեր չի գործադրել նվազեցնելու կոմերցիոն սեռական գործողությունների պահանջարկը:
Police dismantle male prostitution ring in Spain
Տես անգլերեն տարբերակը:
Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից
Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
